Երբ մարդ արարածը մոտենում է իր մահվան ժամին, Տերը հաճախ մոլորյալներին թույլ է տալիս նրանց հոգևոր աչքերը բացվեն ու սեփական աչքերով տեսնեն դևերին։ Եվ դա նույնպես աննպատակ չէ, քանի որ մարդը, տեսնելով այդ զազրելի էակներին վերջին անգամ, հնարավորություն է ստանում մեղա գալու Աստծո առաջ, որպեսզի հավիտյան դրանց հետ չլինի դժոխքում. հիրավի մեծ է Աստծո մարդասիրությունը։
Սուրբ Գրիգորին պատմում է բազում մեղքերի տեր մի հարուստի մասին. «Մահվանից առաջ նա տեսավ իր առջև կանգնած եղկելի ու զազրատեսիլ ոգիների, որոնք կատաղաբար սպառնում էին նրան, որ դժոխքի խորքը տանեն։ Հարուստի ամբողջ ընտանիքը կանգնել էր նրա շուրջն ու լացով և ողբով տեսնում էր նրա տանջանքները։ Նրանք չէին կարող տեսնել դևերին, բայց տեսնում էին մեռնողի սփրթնած դեմքը ու սարսափից դողացող մարմինը։ Նա այս ու այն կողմ էր ընկնում մահվան անկողնում ու հուսահատ ձայնով գոռում էր. «Ինձ գոնե մինչև առավոտ ժամանակ տվե՛ք։ Համբերե՛ք գոնե մինչև առավոտ»»։ Այդպես էլ ավարտվում է նրա կյանքը։ Նա մեղա չէր գալիս իր արարքների համար, այլ միայն մինչև առավոտ կյանք էր խնդրում նրանցից, որոնց ծառայել էր իր ամբողջ կյանքում նրանց կամքը կատարելով։
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔԸ` ԸՍՏ ՄԱԿԱՐԻՈՍ ՄԵԾԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ
Երբ որ մարդու հոգին դուրս գա մարմնից, այդժամ կկատարվի մեծագույն մի խորհուրդ: Քանզի, եթե այն մեղապարտ է, ապա գալիս են դևերի բազմություններ, չար հրեշտակներ և խավար ուժեր, բռնում են այդ հոգին և տանում են իրենց սեփական տիրույթը: Եվ ոչ ոք չպետք է զարմանա դրանից, քանի որ եթե հոգին, գտնվելով այս կյանքում, գտնվելով այս աշխարհում, ենթարկվել և հպատակվել է նրանց, և եղել է նրանց կամակատարը, ապա առավել ևս պահվում է նրանցից և նրանց իշխանության տակ է մնում, երբ ելնում է աշխարհից:
Իսկ ինչ վերաբերում է բարի վախճանին, ապա դու պետք է պատկերացնես, որ գործն այսպես է: Աստծո սուրբ ծառաների կողքին արդեն այստեղ լինում են հրեշտակները, և սուրբ հոգիները նրանց շրջապատում և պահպանում են: Եվ երբ հեռանում են մարմնից, այդժամ հրեշտակաց դասերը, ընդունելով նրանց հոգիներն իրենց սեփական տիրույթի` լուսավոր կյանքի մեջ, տանում են Տիրոջ մոտ: Իսկական մահը ներսում է` սրտում, և այն գաղտնածածուկ է, դրանով մեռնում է ներքին մարդը: Այդ պատճառով էլ, եթե մեկը մահից անցել է սրբազան կյանք, ապա նա իսկապես կապրի հավիտյան և չի մեռնի:
Եթե նմանների մարմիններն ինչ-որ ժամանակ անգամ քայքայվում են, ապա վերստին փառքով հարություն կառնեն, քանզի լուսավորված են: Այդ պատճառով էլ քրիստոնյայի մահն անվանում ենք նինջ և վերափոխում:
Ինչպես հեռուներից դարձող վաճառականն իր բազմապատկած շահույթներն ուղարկում է տնեցիներին, որպեսզի գնեն նրա համար տներ, այգիներ և անհրաժեշտ հանդերձանք, երբ վերադառնում է հայրենիք, բերում է իր հետ մեծ հարստություն, տնեցիները և հարազատները մեծ ցնծությամբ են ընդունում նրան: Այդպես լինում է և հոգևոր կյանքում: Եթե ոմանք գտնում են երկնային հարստություն, ապա համաքաղաքացիները, այսինքն` սուրբ հրեշտակների հոգիները, իմանում են այդ մասին և զարմանում են` ասելով. «Մեծ հարստություն ձեռք բերեցին մեր եղբայրները, որոնք երկրում են»:
Այդպիսիք, իրենց ելքի ժամանակ, ունենալով Տիրոջն իրենց հետ, ցնծությամբ ելնում են երկնաբնակների մոտ, և Տիրոջ հետ եղողներն ընդունում են նրանց, պատրաստելով նրանց համար այնտեղ օթևաններ, այգիներ, լուսաճաճանչ և թանկարժեք հանդերձներ:
Եթե մարդը, տակավին գտնվելով պատերազմների մեջ, երբ նրա հոգում գործում են և՛ մեղքը, և՛ շնորհը, հեռանա այս աշխարհից, ապա ո՞ւր կգնա և՛ մեկը, և՛ մյուսն ունեցողը: Գնում է այնտեղ, որտեղ միտքն ունի իր նպատակը և սիրած վայրը:
Եթե վրա են հասնում վիշտը կամ պատերազմը, քեզ հարկ է միայն ընդդիմանալ և ատելությամբ լցվել: Քանզի, որպեսզի պատերազմ սկսվի, դա քո գործը չէ, իսկ ատելը քո գործն է: Եվ այդժամ Տերը, տեսնելով քո միտքը, քանի որ ջանում ես և սիրում ես Տիրոջն ամբողջ հոգով, հեռացնում է մահը քո հոգուց և ընդունում է քեզ Իր գիրկը և լույսի մեջ, ժամանակի մի ակնթարթում քեզ հափշտակում է խավարի երախից և անմիջապես տանում է Իր թագավորություն:
Աստծուն դյուրին է ամեն ինչ կատարել մի ակնթարթում, միայն թե սեր ունենաս Նրա հանդեպ: Աստված մարդուց պահանջում է, որ նա գործի, քանզի հոգին արժանացել է Աստծո հետ հաղորդակցվելու:
Որովայնում հղանալով, կինն իր մեջ կրում է իր մանկանը խավարում, այսպես ասած՝ անմաքուր տեղում: Եվ երբ, ի վերջո, մանուկը ելնում է որովայնից համապատասխան ժամանակին, տեսնում է նա երկնքի, երկրի և արեգակի համար նոր արարած, որպիսին երբեք չի տեսել, և այդժամ բարեկամները և հարազատները հրճվանքով գրկում են մանկանը: Իսկ եթե ինչ-որ անկարգության պատճառով պատահում է, որ մանուկը մեռնում է որովայնում, ապա կանչված բժիշկներին հարկ է դիմել սուր գործիքների և այդժամ մանուկն անցնում է մահվանից մահ, խավարից խավար: Նույնը կիրառիր հոգևորի նկատմամբ: Իրենց մեջ աստվածային սերմն ընդունածներն իրենց մեջ այն կրում են անտեսանելի կերպով, և իրենց մեջ ապրող մեղքի պատճառով` մութ և սարսափելի տեղերում: Դրա համար էլ, եթե պահեն իրենց և պահպանեն սերմը, ապա համապատասխան ժամանակին կծնեն այն հայտնապես, և ի վերջո մարմնից բաժանվելուց հետո, հրեշտակները և ողջ երկնային դասերն ուրախ դեմքերով կընդունեն նրանց: Իսկ եթե արիաբար մարտնչելու համար Քրիստոսի զենքն իր վրա վերցրածը թուլանա, ապա շուտով կհանձնվի թշնամիներին, և մարմնից բաժանվելուց հետո, իրեն այժմ պահող խավարից կհայտնվի մի այլ, ավելի սարսափելի խավարի և մահվան մեջ:
Ինչպես նեղ անցատեղերում նստած հարկահավաքներն են կանգնեցնում ու լլկում անցորդներին, այդպես և դևերը հետևում և պահում են հոգիներին, և եթե հոգին մաքրվել է ոչ լիովին, ապա մարմնից անջատվելուց հետո թույլտվություն չի ստանում մտնելու երկնային օթևանները և ներկայանալու Տիրոջը, այլ ներքև է տարվում օդային դևերի կողմից: Սակայն մարմնի մեջ գտնվողները, վաստակների և մեծ ջանքերի շնորհիվ, դեռ կարող են ի վերուստ Տիրոջից շնորհ ստանալ: Եվ նրանք առաքինի վարքի համար հանգստություն ձեռք բերածների հետ կգնան Տիրոջ մոտ, ինչպես որ Նա Ինքն է ուխտել. «ՈՒր Ես եմ, այնտեղ և կլինի Իմ ծառան», և անհուն դարեր կթագավորեն Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Յուրաքանչյուրը պետք է աշխատի և ջանա բոլոր առաքինությունների մեջ առաջադիմելով ձեռք բերել այդ տաճարը` հավատալով, որ այն ձեռք է բերվում այստեղ: Քանզի, եթե քայքայվի մեր մարմնավոր տաճարը, մի այլ տաճար մենք չունենք, որի մեջ բնակվի մեր հոգին. ինչպես ասված է, փափագում ենք երկնքի բնակությունը հագնել, այսինքն` զրկված չենք լինի Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելուց և միավորվելուց, Որի մեջ էլ միայն կարող է հանգչել հավատարիմ հոգին: Այդ պատճառով էլ նրանք, ովքեր իսկությամբ և զորությամբ էապես քրիստոնյա են, վստահորեն ապավինում են և ուրախանում, այս մարմնից դուրս գալով, որ ունեն այդ անձեռակերտ տաճարը. տաճարն այդ նրանցում բնակվող Հոգու զորությունն է: Եվ եթե քայքայվի մարմնական տաճարը, նրանք չեն սարսափի, քանզի ունեն երկնային հոգևոր տաճար և այն անթառամ փառքը, որը հարության օրը կկերտի և կփառավորի նաև մարմնի տաճարը, ինչպես ասում է առաքյալը. «Ով հարություն տվեց Հիսուսին, մեզ էլ հարություն կտա Հիսուսի հետ, և դարձյալ` որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ» (Բ Կորնթ., 4, 11), և ինչ որ մահկանացու է, ինչպես ասված է, կկլանվի կյանքից:
Հետևաբար, ջանանք հավատով և առաքինի կյանքով դեռևս այստեղ ձեռք բերել այդ հագուստը, որպեսզի մենք` մարմնի մեջ գտնվողներս, չերևանք մերկանդամ, և այդժամ այն օրը ոչինչ չի փառավորի մեր մարմինը: Քանզի ինչ չափով արժանացավ յուրաքանչյուրը հավատի և ջերմեռանդության համար հաղորդակիցը դառնալու Սուրբ Հոգու, այդ չափով էլ փառավորված կլինի այն օրը նաև նրա մարմինը: Ինչը որ այժմ ժողովել է հոգին իր ներքին գանձարանում, այդ էլ այնժամ կբացվի և կերևա մարմնից դուրս: Ինչպես և ծառերը, երբ ձմեռն անցնելուց հետո, նրանց ջերմացնի արևի և քամիների անտեսանելի ուժը, որպես հագուստ, իրենցից աճեցնում են տերևներ, ծաղիկներ ու պտուղներ, ինչպես նաև այդ ժամանակ երկրի ընդերքներից դուրս են գալիս նաև դաշտային ծաղիկները, և դրանցով ծածկվում և զգեստավորվում են հողը և խոտը, նման այն դրախտաշուշաններին, որոնց մասին Տերն ասաց, որ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի նման: Քանզի այդ ամենը քրիստոնյայի օրինակը, պատկերը և նմանությունն է հարության օրը:
Այդպես բոլոր աստվածասեր հոգիների, այսինքն` ճշմարիտ քրիստոնյաների համար կա առաջին ամիսը Ապրիլ անվանումով. և դա հարության օրն է: Արդարության Արեգակի այդ զորությամբ էլ բխեցվում է ներսից Սուրբ Հոգու փառքը` սրբերի մարմինները ծածկող և զգեստավորող, այդ նույն փառքը, որ նրանք ունեին իրենց հոգիներում ծածուկ կերպով: Քանզի, արդ ինչ ունի հոգին իրենում, դա էլ ի հայտ կգա մարմնում:
Այս ամիս, ասում եմ, թող տարվա առաջին ամիսը լինի (Ելից, 12,2), այն տալիս է բոլոր արարածներին ցնծություն, այն ճեղքելով երկիրը, հագուստով զգեստավորում է մերկացած ծառերը, այն ուրախություն է տալիս բոլոր կենդանիներին, այն պարգևում է բոլորին խնդություն. այն քրիստոնյաների առաջին ամիսն է: Քսանֆիկը, այսինքն` հարության ժամանակը, երբ կփառավորվեն նրանց մարմինները անճառելի լույսով, այստեղ նրանց մեջ ծածուկ, այսինքն` Հոգու զորությամբ, Որը կլինի այն ժամանակ նրանց հագուստը, կերակուրը, ըմպելիքը, ուրախությունը, խնդությունը, խաղաղությունը, հանդերձանքը, հավիտենական կյանքը:
Քանզի Աստծո Հոգին այնժամ նրանց համար կդառնա երկնային պայծառության և գեղեցկության վայելչություն:
ՈՒստի և մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի և ջանա եռանդագին վարժեցնել իրեն բոլոր առաքինությունների մեջ, հավատա և խնդրի Տիրոջից, որպեսզի ներքին մարդը դեռևս այստեղ դառնա այդ փառքին հաղորդակից և հոգին հաղորդ լինի Հոգու սրբությանը, և որպեսզի, մաքրվելով ախտերի գարշությունից, հարության ժամին ինչ-որ բան ունենանք մեր հարություն առած մերկ մարմիննները զգեստավորելու, դրանով ծածկելով դրանց ամոթը, որպեսզի կենդանություն և հավիտենական հանգիստ ստանան Երկնային Արքայության մեջ, քանի որ, ըստ սուրբ Գրոց, Քրիստոսը գալու է երկնքից և հարություն է տալու Ադամի ողջ սերնդին, աշխարհի սկզբից ի վեր բոլոր ննջեցյալներին և բաժանելու է նրանց երկու մասի, և որոնք ունեն Նրա ուրույն նշանը, այսինքն` Հոգու կնիքը, նրանց հռչակելով որպես Իրենը` կկանգնեցնի Իր աջ կողմում: Քանզի ասում է` Իմ ոչխարները Իմ ձայնը լսում են. (Հովհ., 10, 27), և Ես ճանաչում եմ Իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից (Հովհ., 10, 14): Այդ ժամանակ էլ նրանց մարմինները բարի գործերի համար զգեստավորվում են Աստվածային փառքով, և իրենք էլ կլցվեն այն հոգևոր փառքով, որը դեռևս այստեղ արդեն ունեին իրենց հոգիներում: Եվ այդ կերպ Աստվածային լույսով փառավորվելով և հափշտակվելով ու երկինք տարվելով Տիրոջն ընդառաջ օդում, ըստ գրվածի, մշտապես Տիրոջ հետ կլինենք (Ա Թես. 4), Նրա հետ թագավորելով անվախճանորեն հավիտյանս հավիտենից: Արդ ջանանք կանխավ ունենալ մեզ վրա Տիրոջ նշանը և կնիքը, քանի որ դատաստանի ժամին, երբ Աստված կկատարի բաժանումը, և հավաքված կլինեն երկրի բոլոր սերունդները` Ադամն ամբողջությամբ, երբ Հովիվը կկանչի Իր հոտը, այդժամ իրենց վրա նշան ունեցողները բոլորը կճանաչեն իրենց Հովվին, և Հովիվը կճանաչի Իր սեփական կնիքն իրենց վրա ունեցողներին և կհավաքի նրանց բոլոր ժողովուրդներից. կլսեն Նրա ձայնը յուրայինները և կգնան Նրա հետևից: Երկու մասի կբաժանվի աշխարհը. մի մասը կլինի խավար հոտը, որը կմատնվի հավերժական կրակին, իսկ մյուսը` լույսով պարուրված հոտը, կբարձրանա երկնային վիճակի: Արդ, ինչ-որ շահեցինք մենք մեր հոգիներում, այդ նույնն էլ կշողշողա այնժամ և փառքով կզգեստավորի մարմինները:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ